Հայաստանում մամուլի կայացմանը մի քանի գործոն է խանգարում` որեւէ ոլորտում մասնագիտացումը, համարձակությունը, ֆինանսները: Մամուլի ազատության համաշխարհային օրը` մայիսի 3-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը`շեշտելով, որ մամուլի ֆինանսական վիճակը օր օրի վատանում է եւ «կոնկրետ գործիքներ են ի հայտ գալիս»:
Ասուլիսին ներկա «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ նշեց, որ այսօր խնդիրներից կարեւորը գովազդի եւ սպառման շուկայի խնդիրն է։ «Մենք, փաստորեն, շուկա չունենք։ Իհարկե, կա շուկա, որը ոչ թե քաղաքակիրթ շուկա է, այլ ավելի շատ բազարի է նման: Եվ այս բոլորի մեջ յուրաքանչյուր լրատվամիջոց եւ լրագրող իրենց գոյատեւման պայքարն են մղում»,-նշեց Ավետիքյանը։ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է նաեւ հենց իրենց՝ լրատվամիջոցների պատասխանատուներին, ովքեր, ըստ նրա, չունեն կորպորատիվ շահերի գիտակցություն։
«Այսինքն՝ մենք չենք կարող որեւէ հարց լուծել, հարց, որը վերաբերում է բոլորին։ Մեկ անգամ ենք համատեղ ջանքերով լուծել մի հարց, երբ տարիներ առաջ տպագիր մամուլը մեկօրյա գործադուլ արեց եւ մեր երեք պահաջներից երկուսի կատարումը գոնե ապահովեցինք»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ եթե լրատվամիջոցները միավորվում են, կարողանում են հարցեր լուծել։
«Երեւի քաղաքական, տնտեսական շահերի բախում կա, տարբեր ուղղվածություն եւ այլն»,-մամուլի չմիավորման հնարավոր պատճառները թվարկեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Նա նշեց, որ գուցե տվյալ թերթը, որին տվյալ անձը դատի է տվել իրեն վիրավորելու համար, իսկապես վիրավորել է` տպագրելով ցենզուրայից դուրս որեւէ բան: Ուստի`կարիք չկա կիսել պատասխանատվությունը: Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ Հայաստանում կան մի քանի լրատվամիջոցներ, որոնք իրենց աղբյուրներին վկայակոչելով, ակնհայտ սուտ տեղեկություններ են տարածում:




























