Մայիսին Վրաստան կայցելեն բարձր մակարդակի մի քանի պատվիրակություններ, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ապրիլի 3-ին սկսվել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի երկօրյա այցելությունը, որի շրջանակներում նա հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:

«Այս այցելությամբ շարունակվում են Վրաստանի եւ Լիտվայի միջեւ ձեւավորված ավանդական հարաբերությունները: Մենք շատ լավ ենք հիշում Լիտվայի աջակցությունը Վրաստանի համար ծանր պահերին: Վրաստանի համար մեծ պատիվ է ընդունել Լիտվայի նախագահին»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:

Նրա տեղեկատվությամբ, նախագահները կքննարկեն երկկողմանի գործընկերության քաղաքական, առեւտրատնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Նշենք նաեւ, որ շաբաթվա վերջին Վրաստան կայցելի Լիտվիայի ԱԳ նախարար Գիրցվալդ Կրիստոպոսը: Այնուհետեւ ծրագրվում է Չեխիայի ԱԳ նախարար Կարլ Շվարցենբերգի այցը: Երկու հյուրերն էլ հանդիպելու են Միխայիլ Սահակաշվիլիի հետ: