Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ աշխարհագրական ծառայությունը:
Տեղի ժամանակով 23:58-ին արձանագրված ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սանրիկու քաղաքից ոչ հեռու, Սենդայ քաղաքից 276 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 24,2 կմ խորության տակ, ասված է ԱՄՆ աշխարհագրական ծառայության կայքի հաղորդագրության մեջ:
Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի եղել:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում մարտի 11-ին 8,9 մագնիտուդ հզորությամբ ավերիչ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել էին, մոտ կես միլիոն մարդ անօթեւան էր մնացել:
Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում: Աղետի զոհերի թիվն անցնում է 25 հազարից:





























