Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն ու Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը մայիսի 6-ին հանդիպել եւ քննարկել են Գյումրիի եւ Սալոնիկի միջեւ կապերի ընդլայնման, մշակույթի, տնտեսության եւ այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Նշենք, որ Գյումրին եւ Սալոնիկը երկու երկրների մեծությամբ երկրորդ քաղաքներն են:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը նշեցին, որ հայ-հունական երկկողմ հարաբերություններում կարեւոր դեր է վերապահված երկու բարեկամ երկրների քաղաքների ու բնակավայրերի միջեւ համագործակցային կապերի, քույր-քաղաքների հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը: Այդ առումով, երկուստեք կարեւորվել է Սալոնիկում հնուց ի վեր գոյություն ունեցող հայ համայնքի դերը, որը կարող է երկու քաղաքների «բարեկամության կամուրջ» դառնալ:

Զրուցակիցները նշել են, որ մշակույթի ոլորտում համագործակցությունը կարող է արդյունավետ լինել արդեն հաջորդ տարի, երբ Հունաստանում անցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը, իսկ Սալոնիկը նշելու է թուրքական լծից քաղաքի ազատագրման 100-ամյակը: Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխշահավետ համագործակցության համար լավ նախադրյալներ կստեղծվեն նաեւ այս տարվա հուլիսից Սալոնիկը Հայաստանի հետ կապող ուղիղ չվերթի գործարկմամբ:

Դեսպան Ղալաչյանը Սալոնիկի քաղաքապետին է հանձնել Գյումրիի քաղաքապետի կողմից Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քաղաքապետ Բուտարիսի գլխավորած պատվիրակության այցը տեղի կունենա արդեն առաջիկա ամռանը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները: