Հայաստանի օլիգարխիան սերտաճել է քրեական աշխարհի հետ եւ ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հունիսի 16-ին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց «Հանուն հանրապետության» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքերով՝ այսօր մարդիկ վկա են դառնում հանուն Հայաստանի ինքնիշխանության պայքարի։ «Ճակատագրի բերումով այսօր բարիկադի մի կողմում հայտնվել են նրանք, ովքեր պատրաստ են ինքնիշխանությունը վաճառքի հանել, իսկ մյուս կողմում նրանք, ովքեր պայքարում են այդ երեւույթի դեմ»,- նշեց խորհրդարանականը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը ամենամեծ վնասը հասցրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության զավթումից հետո հանրապետությունում 1996-97 թվականներին սկսվեց հակապետական եւ հակաօրինական ինստիտուտների եւ կառույցների ձեւավորման գործընթաց, որոնց գործունեության էությունը ուղղված էր երկրի ինքնիշխանության դեմ։

«Դրանցից ամենավտանգավորը, որն ամենամեծ վնասն է հասցրել, օլիգարխիան է, որը կարճ ժամանակում սերտաճեց քրեական աշխարհի հետ՝ վերածվելով այն ժամանակվա իշխանության հիմք դարձած քրեաօլիգարխիկ կառույցի»,- հայտարարեց խորհրդարանականը։ Բաբաջանյանի կարծիքով՝ վերջին 20 տարիներին այն հիմնավորապես ավերեց երկրի տնտեսական ու պետական հիմքերը՝ կանգ չառնելով ոչ մի բանի առջեւ, այդ թվում՝ հօգուտ օտարերկրյա ուժերին ծառայության առջեւ։

«Ընդ որում, այն երկրների համար, որոնք երազում էին Հայաստանն իրենց վասալը դարձնելու մասին, օլիգարխիան դարձավ իսկական նվեր, քանի որ այն կարճ ժամկետներում սերտաճեց արտասահմանյան քրեական կառույցների հետ՝ դառնալով ամենակառավարելին եւ վերահսկելին»,- ընդգծեց քաղաքական գործիչը։ Միաժամանակ, պատգամավորի խոսքերով, Հայաստանի նախկին իշխանությունները օլիգարխներին հռչակեցին «խոշոր սեփականատերեր»՝ որեւէ կերպ չխոչընդոտելով նրանց ազդեցությանը քաղաքական, տնտեսական, լրագրողական եւ դատաիրավական ոլորտների վրա։ «Արդյունքում վերջին ամիսների ընթացքում մենք վկա ենք դառնում այն բանի, թե ինչպես է օլիգարխիան, նախկին եւ ներկա պսեւդոքաղաքական ուժերի հովանավորությամբ, հարձակում իրականացնում պետության եւ հասարակության դեմ։

Մենք տեսնում ենք ուժեր, որոնք պատրաստ են ցանկացած նսեմության եւ հակապետական գործունեության՝ հանուն կորցրած իշխանությունը վերադարձնելու»,- նշեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այսուհետ ինքը ներկայացնում է «Հանուն հանրապետության» շարժումը, որը պայքար կիրականացնի վերոնշյալ հանցավոր երեւույթների դեմ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը քվեարկության արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ «հավանություն տվեց» նրա ձերբակալությանը։