Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածքի մեջ մտնող Շղարշիկ բանավանով անցնող «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի պոչատարից մայիսի 8-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում թափոնաջրերի արտահոսք է տեղի ունեցել, որի հետեւանքով տրակտորով պատրաստված փոսն ամբողջությամբ լցվել է թափոնաջրերով:
Նման տեղեկություն է ստացել Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանը:
Խալափյանն անմիջապես ժամանել է դեպքի վայր:
Խնդրի լուծմամբ եւ բնակչության անվտանգությամբ մտահոգված ձեւավորված խմբի կողմից անմիջապես ձեռնակվել են միջոցառումներ, նշված խնդրի լուծման ուղղությամբ: Կապ է հաստատվել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի եւ Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ:
Հարկ է նշել, տեղի ունեցած հետեւանքով քաղաքացու տան դարպասի հարեւանությամբ գոյացած թափոնաջրերի լիճը ճանապարհը դարձրել էր անանցանելի: Եվ միայն դեպքի վայր հասած «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակցի օգնությամբ հնարավոր դարձավ գտնել պոչատարի այն հատվածը, որտեղից թափոնաջրերի արտահոսք էր տեղի ունենում:
Այնուհետեւ, Շղարշիկ բանավանում հանդիպում է տեղի է ունեցել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի, Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցիչների եւ ձեւավորված խմբի միջեւ:
Խումբը ղեկավարած Ա. Խալափյանի արագ արձագանքման եւ ձեռնարկված միջոցառումների հետեւանքով, ժամը 13:00-ի սահմաններում նկատվել է, որ թափոնաջրի լիճ լցվող թափոնաջրի հոսքը նվազել է:
Կատարվածի մասին փաստաբան Ա. Խալափյանի կողմից պատրաստվում է հաղորդում Սյունիքի մարզի դատախազություն ներկայացնելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից:




























