Մայիսյան Եռատոնի կապակցությամբ մայիսի 8-ին ԼՂՀ նահագահ Բակո Սահակյանը նախագահական նստավայրում հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ է հանձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի մի խումբ վետերանների, զինծառայողների, իսկ ՊԲ հրամկազմի գնդապետներ Նելսոն Սողոմոնյանին եւ Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն իր շնորհավորական խոսքում ասել է. «Մայիսի 9-ը հաղթանակի տոն է, հաղթանակ, որի կերտման գործում անգնահատելի է մեր պապերի ու հայրերի ավանդը: Արցախյան ազատամարտում մեր ժողովուրդն արձանագրեց նոր հաղթանակներ, եւ Մայիսի 9-ը մեզ համար դարձավ փառապանծ Եռատոն:

Այն նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի օրն է, որի շնորհիվ կարողացանք հաղթել մեզ պարտադրված ծանր պատերազմում եւ այսօր հնարավորություն ունենք խաղաղ պայմաններում կերտելու մեր անկախ պետականությունը, կառուցելու եւ շենացնելու հայրենի երկիրը»:

Բ. Սահակյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ Շուշիի ազատագրմանը` նշելով, որ այն առանձնահատուկ նշանակություն ունեցավ Արցախյան պատերազմում մեր հետագա հաջողությունների համար: «Այն դարձավ հայ ժողովրդի հաղթական ոգու վերածննդի սկիզբը եւ մեր բոլոր նվաճումների պսակը»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ օրեսնդիր եւ գործադիր իշխանության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ից ժամանած հյուրեր: