Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը բամբասանք է որակել մամուլի հրապարակումներն այն մասին, որ մայիսի 7-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին անմիջական մասնակցություն են ունեցել նաեւ իր եղբոր որդիները: Նա այս մասին լրագրողներին ասել է մայիսի 9-ին Գյումրիի «Մայր Հայաստան» կոչվող հուշահամալիրի տարածքում Մեծ Հաղթանակի տոնակատարություններին մասնակցելու ժամանակ: Գիզիրյանը «Այսբերգ» բար-սրճարանում տեղի ունեցածը «մանր խուլիգանություն» է որակել:
«Բամբասանք է: Այն ինչպես ներկայացվել է` կրակոցներ, վիրավորներ, նման բան չկա: Դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Շիրակի մարզպետը», սակայն չի հերքել, որ միջադեպ, այնուամենայնիվ, եղել է: Նա հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք պատասխան է տալու իր արարքի համար, անկախ ամեն ինչից:
«Ցանկացած մարդ, կապ չունի, թե դա Գիզիրյանի եղբոր տղան է, թե սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա: Հիշո՞ւմ եք, Սովետական միության ժամանակ սենց մի բան կար` մանր խուլիգանություն: Մանր խուլիգանություն է սա: Բայց հաշվի առնելով, որ Գիզիրյանի եղբոր տղաներն են, ավելի մեծ հնչեղություն են տվել դրան»,-հայտարարել է Աշոտ Գիզիրյանը:




























