Այն տնտեսվարողները, ովքեր ունեն գերիշխող դիրք եւ կչարաշահեն այն՝ ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլ պետբյուջե կմուծեն այդ չարաշահման հետեւանքով ստացած ողջ գերշահույթը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 10-ին հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Նա հիշեցրեց, որ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունում կատարվել են զգալի փոփոխություններ, օրենքն արդեն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնի համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո։
Նոր օրենսդրության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դեպքերում նախատեսված տուգանքները տարբերակված են։
«Նախկին օրենքով սահմանված էր 500 հազ. դրամ տուգանք, ինչը շատ ցածր է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսվարողը վճարում է տուգանքը եւ շարունակում անբարխիղճ մրցակցությունը»,- ասաց Ա. Շաբոյանը։
Սակայն Հանձնաժողովի նախագահը դժգոհություն արտահայտեց պատգամավորների այն նախաձեռնության կապակցությամբ, որի հետեւանքով Հանձնաժողովին զրկեցին ստուգումներ անելու իրավունքից։ Ըստ Ա. Շաբոյանի՝ վերահսկողական գործառույթների ուժեղացումն էական հանգամանք է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար։





























