Կորեայի Հանրապետության իշխանություններն առաջին անգամ համապատասխան վիճակագրության վարումից ի վեր բնակչության թվաքանակի կրճատում են ակնկալում են 2020 թվականին: Այս մասին ուրբաթ ժողովրդագրության հարցերով կառավարության նիստին հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կիմ Յոն Բոմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք, որ այս տարի առաջին անգամ մահացությունը կգերազանցի ծնելիությունը, եւ բնակչությունը կսկսի կրճատվել»,- շեշտել է նա:

Փոխնախարարը նշել է, որ ապրիլի դրությամբ Հարավային Կորեայում ծնելիության մակարդակի անկումը 53 ամիս անընդմեջ շարունակվել է, եւ այս տարի կորոնավիրուսի համավարակի ֆոնին նոր ամուսնությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21.8 տոկոսով: Կիմ Յոն Բոմը նաեւ հայտնել է, որ այս տարվա առաջին չորս ամիսներին երկրում ծնվել է 97.4 հազար երեխա՝ 10.9 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ էր:
2019 թվականին հանրապետությունում ծնելիության ընդհանուր մակարդակը կազմել է 0.92 տոկոս, որն ամենացածր ցուցանիշներից մեկն է աշխարհում: Բնակչության պարզ պահպանման համար այս ցուցանիշը պետք է 2.1 կազմի: Փոխնախարարը շեշտել է, որ երկրի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում միջոցառումների նոր փաթեթ մշակել, որն ուղղված է ծնելիության աճի խթանմանը:

Ըստ գիտնականների կանխատեսումների՝ եթե Հարավային Կորեայի բնակչության անկման ներկայիս մակարդակը շարունակվի, ապա 2050 թվականին ներկայիս 51.6 միլիոն մարդուց արդեն 40-48 միլիոն բնակիչ կմնա, 2100 թվականին՝ մոտ 20 միլիոն: Մինչեւ 2045 թվականը երկիրը կարող է ամենատարիքայինը դառնալ աշխարհում. բնակիչների միջին տարիքը 50 տարեկան կկազմի: