Ընկերությունը մի քանի միլիարդ դոլար արժողությամբ հիբրիդային փայտից կկառուցի աշխարհում ամենաբարձր գրասենյակային շենքը: Նախագծի առավելություներն են՝ էկոլոգիականությունը եւ աշխատանքային տարածքի կազմակերպման նոր մեթոդը, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»: 

Atlassian ընկերությունը, որը մշակել է ծրագրային ապահովումը, երեկ ներկայացրել է Սիդնեյում նոր կենտրոնակայանի շենքի նախագիծը: 180 մետր բարձրությամբ 40 հարկ ունեցող աշտարակը կլինի փայտից կառուցված ամենաբարձր աշտարակը: Փայտի զանգվածը կազմված է փշատերեւ տեսակների շերտերից: Շենքի ճակատամասը կատարված է պողպատից ու ապակուց եւ զարդարված է աշխատակիցների հանգստի համար բացօթյա այգիներով:

Համանման շենքերն աստիճանաբար նորաձեւ են դառնում հսկա ընկերությունների շրջանում: Էկոլոգիականության մրցավազքը եւ աշխատակիցների կարիքները հաշվի առնող աշխատանքային տարածության ստեղծումը հիմնական առաջնահերթություններն են համանման կառույցների շինարարության ժամանակ:

Աշտարակի նախագիծը պատրաստել են Նյու Յորքից եւ Ավստրալիայից ճարտարապետները: Ընկերությունից հայտնել են, որ շենքի էներգամատակարարումը 100 տոկոսով կապահովվի վերականգնվող աղբյուրներով՝ արեգակնային մարտկոցներով, որոնք տեղադրված են ճակատամասում: Նախատեսված է շինարարությունը սկսել հաջորդ տարի, ավարտել՝ 2025 թվականին: Աշտարակը կդառնա Սիդնեյի գործարար թաղամասի նոր տեխնոլոգիական անկյունի կենտրոնը:

Atlassian-ը հիմնադրվել է 2001 թվականին Մայք Քենոն-Բրուքսի եւ Սքոթ Ֆարքուհարի կողմից: Forbes-ի տվյալներով՝ հիմա հսկայի արժեքը գնահատվում է 12 մլրդ դոլար: Ֆարքուհարը նշել է, որ նոր շենքի աշխատանքային տարածքը, որը հաշվարկված է 4 հազար աշխատակիցների համար, կայուն եւ ճկուն կլինի, իսկ ինժեներներն ու դիզայներները հաշվի կառնեն COVID-19 համավարակից հետո աշխատանքային տեղերին ներկայացվող պահանջները: «Մենք տարածություն ենք ստեղծում ոչ թե այսօրվա, այլ ապագա աշխարհի համար»,- ասել է Atlassian-ի առաջնորդը: