Տեխասի իշխանությունները կփակեն ակումբերն ու կսահմանափակեն ռեստորաններում այցելությունները նոր կորոնավիրուսով վարակվածների թվի աճի ֆոնին, հայտարարել է նահանգապետ Գրեգ Էբոթը թվիթերյան իր գրառման միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա կարգադրության՝ բոլոր ակումբներն ու մյուս հաստատությունները, որոնց հասույթի 51 տոկոսից ավելին գոյանում է ալկոհոլի վաճառքից, պետք է փակվեն ուրբաթ 12:00-ից տեղական ժամանակով: Ընդ որում՝ նրանք կարող են շարունակել առեւտուրը «Վերցրու քեզ հետ» եղանակով եւ առաքել պատվերները հաճախորդներին:

Ռեստորանները կկարողանան շարունակել հաճախորդներ ընդունել, ընդ որում՝ երկուշաբթի օրվանից 50 տոկոսով կրճատված: Բացի այդ՝ նահանգի բնակիչներին արգելված է հավաքվել ավելի քան 100 հոգանոց խմբերով առանց իշխանությունների հաստատման:

Հինգշաբթի Էբոթը հրամայել էր դադարեցնել համավարակի հետեւանքով ընդունված սահմանափակումների չեղարկումը՝ նոր վարակվածների թվի աճով պայմանավորված: Մայիսի սկզբին Տեխասն առաջին նահանգներից էր, որի իշխանությունները սկսել էին աստիճանաբար հրաժարվել սանիտարական սահմանափակումներից:

Չորեքշաբթի The New York Times թերթը հայտնել էր, որ նոր վարակակիրների թիվն օրեցօր աճում է ամերիկյան 20 նահանգներում: Առավել լուրջ է իրավիճակը Ֆլորիդա, Տեխաս եւ Արիզոնա նահանգներում, որտեղ նոր վարակվածների թիվը ռեկորդային բարձր է: Երեքշաբթի երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 35 հազար նոր դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է՝ գրանցված մեկ օրում համավարակի ողջ ընթացքում:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու շուրջ 2,4 մլն դեպք, մահացել է ավելի քան 122,1 հազար մարդ: