Հայաստանի կառավարությունը պետք է մտածի երկրի տնտեսության հիմնական ոլորտի՝ հանքարդյունաբերության զարգացման մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հայտարարել է հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման համարյա կեսն ապահովում է հանքարդյունաբերությունը»,- հայտարարել է Սաֆարյանը՝ նշելով, որ 2008թ. միջազգային շուկայում իրացվել է 0,5 միլիարդ դոլարի մոլիբդեն եւ պղինձ:
Սաֆարյանի խոսքերով՝ ճգնաժամի հաղթահարման համար Հայաստանի կառավարությունը պետք է երկրի գործարար շրջանակներին ֆինանսներ տրամադրի՝ օգտագործելով արտաքին վարկերը 7-8 տոկոսադրույքով, կամ ավելացնի իր փայաբաժինը երկրի մասնավոր սեկտորում: Բացի այդ, Սաֆարյանն առաջարկել է ստեղծել հանքարդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն, ինչն էլ թույլ կտա Հայաստանին կառավարել տնտեսությունն ու առեւտրային կապիտալ կուտակել: «Էկոնոմիկայի նախարարությունը չի զբաղվում ոչ արտաքին, ոչ ներքին առեւտրով, իսկ նոր նախարարությունը կզբաղվի հենց դրանով»,- նշել է գործարարը եւ հավելել, որ, օրինակ, ԱՄՆ բնակչության 49 տոկոսը կողմ է, որ տնտեսությունը կառավարվի պետության կողմից, իսկ Հայաստանում իրավիճակը նույնական է: «Գտնում եմ, որ եկել է ժամանակը, որ կառավարությունը մասնակցի տնտեսության կառավարմանը, իսկ „կառավարությունը վատ տնտեսվարող է“ տերմինը հնացել է դեռ 16 տարի առաջ»,- ասել է Սաֆարյանը:


























