Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հունիսի 26-ին, Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքները որպես սպանություն որակելու գործով  դատական նիստին ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը չի ներկայացել պատճառաբանելով, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց տուժող կողմի ներկայացուցիչ, մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը:

«Դատական նիստը կայացավ, բայց նիստին չներկայացավ ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը, նախորդ նիստին կրկին չներկայացված իբրև թե հիվանդ է, վարակված կորոնավիրուսով: Բայց նա անամոթաբար ստում է, քանի որ նիստի օրն էլ, նրա նախորդ օրն էլ իմ տան շրջակայքում առանց դիմակ տեսել եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւանյանի հետ անցնելուց»,- ասաց նա:

Նշենք, որ 6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում:  Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու մեղադրանք  է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին: