Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 10-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերություններում առկա զարգացումները:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետը ողջունել է ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովի նախաձեռնումը, որն իր ծավալներով եւ ձեւաչափով առաջինն է Մերձավոր Արեւելքում: Ըստ նրա` նմանատիպ միջոցառումները տարբեր երկրների պետական մարմինների ներկայացուցիչներին եւ գործարարներին հնարավորություն են տալիս անմիջական շփումների միջոցով ձեւավորել նոր կապեր, բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ, ծանոթանալ տարբեր երկրների գործարար ու ներդրումային դաշտերին եւ ներդրումային ծրագրերին: Դրանով է պայմանավորված հայաստանյան ընկերությունների զգալի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ:

ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը կարեւորել է համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում հայկական տաղավարի առկայությունը` համոզմունք հայտնելով, որ թե’ տաղավարում ներկայացված ընկերությունները, թե’ Հայաստանի շնորհանդեսը մեծ հետաքրքրություն են առաջացնելու մասնակիցների մոտ:

Քննարկվել են Լուբնա ալ Քասիմիի` անցած տարի նոյեմբերին Հայաստան կատարած այցից հետո երկկողմ հարաբերություններում առկա զարգացումները: Անցած տարեվերջից Fly Dubai ավիաընկերությունն իրականացնում է Դուբայ-Երեւան չվերթը, ինչն էական քայլ է երկկողմ շփումների ակտիվացման համար:

ՀՀ փոխվարչապետը նշել է, որ մի շարք` մասնավորապես, գյուղատնտեսական մթերքների արտահանման եւ զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն է ներկայացվել արաբական  կողմին: Հաշվի առնելով վերջիններիս հետաքրքրվածությունը` գործնական արդյունքներ են ակնկալվում մոտ ապագայում:

Կողմերն անդրադարձել են Հայաստան- ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովի անցկացմանը` նշելով 2010թ. աշնանը Երեւանում կայացած առաջին համաժողովի հաջող փորձը: