Շիրակի մարզի ֆերմերներն իրենց դժգոհությունն են հայտնել պարարտանյութի բարձր գների կապակցությամբ: Նրանք բողոքել են, որ 1 տուփ պարարտանյութը վաճառվում է մինչեւ 10 հազար դրամով, եւ դրա մեղավորն ավելի շատ միջնորդներն են, քան վաճառողները, որոնք գերշահույթ են հետապնդում:
Շիրակի մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ «Հայաստանի վարչապետի կողմից հատուկ հանձնարարական է տրվել՝ գյուղացիներն այսուհետ պարարտանյութ կգնեն համայնքապետի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքով, որում նշվելու է նաեւ որ գնվող պարարտանյութի 1 պարկի արժեքը չպետք է գերազացի 7 հազար դրամը»: Մովսես Մանուկյանի խոսքով, 1 տուփ պարարտանյութը 7 հազար դրամից թանկ վաճառելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն վաճառողները:
Սակայն ֆերմերների կարծիքով, 7 հազար դրամը մատչելի գին է ղեկավար անձանց եւ ոչ թե գյուղացիների համար: «Առանց այն էլ վերջին տարիներին գյուղաբնակները հողից շահույթ չեն ստանում, տարեվերջին հաշվարկ կատարելիս, ստացվում է, որ բերք մշակելու վրա գյուղացին ավելի շատ գումար է ծախսում, քան շահույթ ստանում: Թանկության պատճառով շատերը պարարտանյութ չեն տալիս հողին, դրա համար էլ արդյունքում բերք չեն ստանում»,- NEWS am-ի թղթակցին նշել է Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանը:
Նշենք, որ Գյումրիի կայարանամերձ հրապարակում գտնվող պարարատանյութի պահեստում 1 տուփ պարարտանյութը վաճառվում է 7100 դրամով: Պահեստի մենեջերի խոսքով՝ իրենք տեղյակ են, որ պարարտանյութի շուկայում հատուկ հսկողություն է սահմանվել, բայց իրենց մոտ գնային իջեցումներ չեն լինի, ընդհակառակը հնարավոր է, որ մի բան էլ թանկանա պարարտանյութի գինը:




























