Թուրքիան պետք է փոփոխի իր Քրեական օրենսգիրքը եւ հակաահաբեկչական օրենսդրությունը` ԶԼՄ-ների եւ ինքնարտահայտման ազատության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով:  Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում:

Նա մասնավորապես ասել է.  «Ակնհայտ է, որ խոսքի եւ ԶԼՄ-ների  ազատությունը Կոպենհագենյան քաղաքական չափորոշիչների կարեւոր բաղադիչ են: Մեր վերջին զեկույցում մենք այդ ոլորտում առաջընթացի բացակայություն ենք արձանագրել:

Ի դեպ, ես հենց նոր լսեցի Թուրքիայիում մուտքը դեպի համացանց սահմանափակելու վերաբերյալ քննարկումների մասին: Դա անհանգստացնում է:

Կան նաեւ այլ անբարենպաստ փաստեր.  ես նկատի ունեմ թուրք լրագրողների դեմ բավականին մեծ թվով դատական գործերի առկայությունը: Դա  տագնապալի երեւույթ է:

Թափանցիկություն չկա նաեւ այն հարցում, թե լրագրողին ինչ ապացույցների հիման վրա են պահում կալանքի տակ: Բացի այդ, եղել է նաեւ դեռեւս չհրատարակված գրքի առգրավման դեպք:

Սրանք բոլորը տագնապալի փաստեր են: Մենք թուրքական իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել, որ կարվի ամեն ինչ` լուծելու համար լրագրողների դեմ մեծ թվով գործերի հարուցման խնդիրը»,-նշել է  ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը: