Բարաք Օբամայի վարչակազմը մոտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը ոչ լեգիտիմ ճանաչելուն, հաղորդում է Associated Pressը: Այս մասին հայտարարել են ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները:

«Մենք իսկապես, մոտ ենք դրան»,- հայտնել է Սպիտակ տան աղբյուրը, հավելելով, որ «նման քայլը կպարտավորեցնի գործել ԱՄՆ-ին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը»:

«Մենք կոչ ենք անում Սիրիայի կառավարութանը դադարեցնել ցուցարարների սպանությունները, չխանգարել բողոքի ակցիաները, դադարեցնել ձերբակալությունները եւ սկսել կառուցողական դիալոգ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները: Նրա խոսքով, Ասադը դեռ շանս ունի քավել իր մեղքը, սակայն «պատուհանը փակվում է»:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը եւ իր միջազգային գործընկերները «լրացուցիչ միջոցներ» կձեռնարկեն ընդդեմ Սիրիայի իշխանությունների, եթե չդադարեցվեն խաղաղ ցուցարարների սպանությունները: «ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիայի գործողությունները սեփական ժողովրդի դեմ պահանջում են ուժեղ միջազգային արձագանք»,- հայտարարել էր մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: