Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թուրքական ապրանքների ազատ մուտքը Հայաստան առաջին հերթին կարող է վնասել գյուղատնտեսոթւյան ոլորտին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայրենական ապրանքներ արտադրող ընկերությունների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա կարծում է, որ կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ գտնի՝ հայաստանյան շուկան պաշտպանելու համար, «թեեւ ցածրորակ ապրանքների արտադրությունը դա չի կարող երաշխավորել»: Ըստ Սաֆարյանի՝ այդ միջոցները կարող են լինել մաքսային, հարկային ոլորտներում: Ավելին, ըստ միության նախագահի՝ պետք է վերանայվեն բնական մենաշնորհների սակագները, «նվազագույն սահմանի հասցվեն, որ հայկական ապրանքները կարողանան մրցակցել թուրքական ապրանքների հետ»:
"Էներգակիրների, գազի, ջրի գինը բավական թանկ է: Պետք է այնպիսի քաղաքականություն տարվի, որ հնարավոր լինի մրցունակ ապրանքներ արտադրել,- ասաց Վազգեն Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ Թուրքիայում, օրինակ, նման կերպ խթանվում է տեղական արտադրությունը:
NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով դոլարի փոխարժեքի բարձրացման փաստին, Վազգեն Սաֆարյանը նկատեց, որ փոխարժեքի բարձրացումը, ամենայն հավանականությամբ, պետք է բացատրել Կենտրոնական բանկի խնդիրներով: «Կարծում եմ՝ ԿԲ-ն միջոցներ կձեռնարկի կարգավորելու դոլարի փոխարժեքը»,- ազդարարեց միության նախագահը:




























