Առնվազն 9․7 միլիոն երեխա աշխարհում ստիպված կլինի մինչեւ այս տարվա վերջ դադարեցնել ուսումը դպրոցում աղքատության աճի եւ կորոնավիրուսի համաճարից հետո կրթության վրա բյուջեի ծախսերի կրճատման պատճառով: Այսպիսի եզրահանգման են եկել Save the Children միջազգային բարեգործական կազմակերպության հրապարակած զեկույցի հեղինակները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջիկա 18 ամսվա ընթացքում կրթական ծախսերը որոշ աղքատ երկրներում կկրճատվեն մոտ 77 միլիարդ դոլարով։ Այս կապակցությամբ 40 երկրներից երեխաները կարող են ընդմիշտ թողնել դպրոցը եւ սկսել ապրուստի համար ոչ մասնագիտական աշխատանք կատարել։ Ստեղծված իրավիճակը հատուկ սպառնալիք է ներկայացնում 12 երկրի համար, որոնց թվում են աֆրիկյան մի շարք երկրներ, ինչպես նաեւ Եմենը եւ Աֆղանստանը:

Զեկույցում մեջբերվում են նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալները, ըստ որոնց կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ուսումնական հաստատությունների փակումն ազդել է ավելի քան 1 միլիարդ երեխայի վրա, որոնք տարրական կամ միջնակարգ կրթություն են ստանում: Նրանցից 500 միլիոնը հնարավորություն չունի հեռակա սովորել, իսկ նրանց ծնողները հաճախ անգրագետ են եւ չեն կարող օգնել երեխաներին նոր գիտելիքներ ձեռք բերել։

Զեկույցի հեղինակները ազգային կառավարություններին եւ դոնոր կազմակերպություններին կոչ են անում լրացուցիչ միջոցներ ներդնել կրթության ոլորտում, Համաշխարհային բանկին՝ այդ նպատակով 35 միլիարդ դոլար տրամադրել, իսկ առեւտրային վարկատուներին՝ դադարեցնել պարտքերի հավաքագրումն ամենաաղքատ երկրներից, ինչը կարող է եւս մինչեւ 14 միլիարդ դոլար ազատել, որոնք նույնպես կուղղվեն երեխաների ուսմանը։