Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում մայիսի 12-ին տեղի ունեցավ հայ գիտնականների հանդիպումը Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ: Հանդիպումը նվիրված էր տիեզերական հետազոտությունների վերաբերյալ հայ-ռուսական համագործակցությանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ վերականգնվում է հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական հետազոտությունների ոլորտում, ինչի շնորհիվ հայ գիտնականները հնարավորություն կստանան բարելավելու տեխնիկական բազան եւ լավացնելու իրենց գիտական արդյունքները:

«Պռոյեկտտեխնիկա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխաիլ Կարդաշենկոյի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանում կգործի տիեզերքի դիտարկման միջազգային լավագույն կենտրոններից մեկը: Իսկ միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի համակարգող Իգոր Մոլոտովն էլ նշեց, որ համագործակցության շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը կդառնա միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի 24-րդ անդամը:

Հանդիպմանը քննարկվող թեմաներից էր տիեզերական աղբի խնդիրը, որով պետք է զբաղվի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը:

 Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահը եւ ՀՀ ԳԱԱ-ի գիտական բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, «Պռոյեկտտեխնիկա» գիտաարտադրական ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխաիլ Կարդաշենկոն, միջազգային ISON օպտիկական հետազոտությունների գիտական ցանցի համակարգող Իգոր Մոլոտովը եւ այլ գիտնականներ: