Կովկասի մահմեդականների վարչությունը դժգոհ է, որ Վրաստանում մահմեդականների վարչություն է ստեղծվում, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Բանն այն է, որ «Կովկասի մահմեդականների վարչությունը» խորհրդային ժամանակներից ի վեր միշտ գտնվել է Բաքվում, թեեւ հիմա այն աստիճանաբար, կորցնում է իր վերահսկողությունը Վրաստանում բնակվող մահմեդականների վրա:
«Մենք բացասաբար ենք վերաբերում Վրաստանում «Կովկասի մահմեդականների վարչության» նմանատիպ համակարգի ստեղծմանը: Վարչության ղեկավարությունը միշտ գտնվել է Բաքվում, որում ընդգրկված էին միայն ադրբեջանցիները, իսկ հիմա «Վրաստանի մահմեդականների վարչության» ղեկավարությունում ոչ մի ադրբեջանցի չկա»,-այս մասին հայտարարել է Վրաստանում «Կովկասի մահմեդականների վարչության» ներկայացուցիչ Ալի Ալիեւը, ավելացնելով, որ ադրբեջանցիները Վրաստանի մահմեդականների շրջանում միայն երկրորդական տեղերն են զբաղեցնում:
Հիեշեցնենք, որ «Համայն Վրաստանի մահմեդականների վարչությունը» հիմնվել է մեկ շաբաթ առաջ, որի հիմնական նպատակն է վերահսկել երկրում մահմեդական հասարակության գործունեությունը եւ մզկիթները:
Այդ գործառույթները մինչ այդ իրագործում էին «Կովկասի մահմեդականների վարչության» ներկայացուցիչները:




























