ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանն ամբողջ նախաքննության եւ դատաքննության ընթացքում գտնվում էր ոստիկանական աշխատակիցների հսկողության ներքո, ինչը եւս մեծացնում է հավանականությունը, որ նրա նկատմամբ ճնշումներ են եղել։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստին ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Հիշեցնեմ, որ առաջին իսկ դատական նիստին Դավիթ Սիմոնյանին ուղեկցում էին քաղաքացիական հագուստով 2 անձ, որոնք նրա հետ մուտք գործեցին դական նիստերի դահլիճ։ Նշված անձինք ասացին, որ ոստիկանության աշխատակիցներ են։ Պաշտպանության կողմի մոտ մինչեւ օրս էլ հիմնավոր կասկածներ են առկա, որ Դավիթ Սիմոնյանը դատաքննության ընթացքում եւս գտնվել է Ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո, որպեսզի շարունակի պնդել իր դիմումում նշված հանգամանքները եւ շարունակի պնդել Հայկ Սարգսյանին։ Միջնորդում եմ հաստատել սույն քրեական գործով տուժող Դավիթ Սիմոնյանի բոլոր ցուցմունքները եւ նրա մասնակցությամբ կատարված բոլոր քննչական գործողություններ որպես ապացուցման թույլատրելիությունը եւ դրանք չդնել Հայկ Սարգսյանի մեղադրանքի հիմքում, որովհետեւ դրանք խիստ կասկածելի են»,- ասաց Սարգսյանը։
Երեմ Սարգսյանը նշեց, որ գործով վկաների ցուցմունքները ուսումնասիրելիս պարզվում է, որ բոլորի ցուցմունքներում նշված է՝ կրակոցը պատահական է եղել:
«Այնպիսի տպավորություն է, որ քրեական հետապնդման մարմինները ոչ թե ղեկավարվում են օրենքով, այլ իրենց գուշակություններով»,-ասաց նա։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին: Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի գործով ամբաստանյալին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին գործով մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Մեղադրող դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված էր, իսկ ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդել էր դատարանին կիրառել վաղեմություն։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։





























