Կալիֆոռնիայում երեք եկեղեցիներ դատի են տվել նահանգապետ Գեւին Նյուսոմին կորոնավիրուսի տարածման պատճառով եկեղեցիներում երգեցողությունն արգելելու համար, հաղորդում է Hill թերթը։
Դատական հայցը ներկայացվել է չորեքշաբթի։ Դրանում նշված է, որ մարդկանց կուտակումների վայրերում երգեցողության արգելքի մասին նահանգապետի հրամանը խախտում է եկեղեցիների սահմանադրական իրավունքները։
Թերթի տվյալներով՝ հայցորդների փաստաբանները պնդում են, որ երգեցողությունն ու բարձրաձայն աղոթքը «հավատացյալների պաշտամունքի անքակտելի մասն է»,-հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը ստորագրել է հրաման, որով արգելվում է երգեցողությունը եկեղեցիներում, սինագոգներում եւ մզկիթներում կորոնավիրուսի տարածման աճի պատճառով։ Իշխանությունների կարծիքով՝ երգեցողությունը կորոնավիրուսի տարածման միջոցներից մեկն է եւ կարող է մեծացնել վարակման ռիսկն անգամ սոցիալական հեռավորությունը պահապնելու պայմաններում։
Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ համավարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 576 430 դեպք, մահացել է ավելի քան 138 հազար մարդ։





























