Գերմանական MAD ռազմական հակահետախուզության ծառայությունը քննություն է վարում Բունդեսվերում 4 աջ ծայրահեղականների դեմ: Այս մասին ARD հասարակական-իրավական հեռուստաալիքը հայտնել է հուլիսի 17-ին Report Mainz ծրագրում՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պատասխանը Բունդեսթագում Ձախ կուսակցության հարցմանը: Նրանց համարում են թուրքական ուլտրաաջ «Գորշ գայլեր» խմբավորման հավանական անդամներ: Դեպքերից մեկով խոսքը Սահմանադրության խախտումների մասին է, մնացյալ երեք կասկածյալների մեջ հաջողվել է ծայրահեղական հակումներ հայտնաբերել:

Գերմանիայի իշխանություններն իրենց պատասխանում հիշատակել են Գերմանիայում «Գորշ գայլերի» ենթադրյալ կապերի մասին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) հետ: Մասնավորապես՝ խմբավորման անդամները Գերմանիայում հանդիպել են թուրք բարձրաստիճան անձանց հետ, ինչը կարող է օգտագործվել հատուկ ծառայությունների շահերի շրջանակում:

Համացանցում հրապարակված լուսանկարները մատնացույց են անում խմբավորման անդամների մասնակցությունը կրակային պատրաստվածությանը: Նրանք նաեւ օգտվել են «անվտանգության դասընթացների կոմերցիոն առաջարկից, որոնք նման են սպորտի ռազմակիրառական ձեւին», նշված է Գերմանիայի կառավարության պատասխանում:

«Գորշ գայլերի» նման միավորումները «մեծ սպառնալիք» են ներկայացնում, կարծում է Ձախ կուսակցության խմբակցության  ներկայացուցիչ Ուլլա Յելպկեն: Խոսքը «թուրքական հատուկ ծառայությունների երկար վզափոկով կապված մարդասպանների ուլտրաաջ խմբավորման մասին է», շեշտել է նա:

«Գորշ գայլերը» աջակցում են թուրքական ուլտրաաջ Ազգայնական շարժում կուսակցությանը: Գերմանիայի Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության տեղեկություններով՝ իրեն «գաղափարախոսների շարժում» անվանող խմբավորումը քարոզում է «ազգայնականություն՝ էթնիկապես միատարր հանրության գաղափարների համադրությամբ», փոխանցում է DW-ն: