Կրթության ոլորտում բարեփոխումների համար հեղափոխությունից հետո ռեալ հնարավորություններ ստեղծվեցին, սակայն ցավոք, պատասխանատուներն այս ընթացքում ոչ միայն քայլեր չեն կատարել, այլեւ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների մի շղթա՝ հին համակարգը վերարտադրելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ ապօրինությունները մեկը մյուսից զարհուրելի են եւ դիտավորությամբ են արվում:

Նրա խոսքով, մինչեւ այսօրվա ասուլիս հրավիրելը ինքը փորձել է կապ հաստատել կրթության պատասխանտուների հետ, խնդրել է կանգ առնել, վերջ տալ ապօրինություններին եւ հովանավորչությանը, բայց դրանք արձագանք չեն գտել:

«Ինձ միշտ հարցնում են, թե արդյոք հավակնում եմ ռեկտորի տեղին, արդյոք մասնակցելու եմ մրցույթին, իսկ մրցույթը անպայման լինելու է, որովհետեւ իրական մրցույթ տեղի չի ունեցել, ես միշտ պատասխանել եմ, որ ամեն ինչ կախված է ուսանողների ցանկությունից: Անգամ եթե տեսնեմ, որ այդ ցանկությունը կա, բայց բավականաչափ մեծ չէ, ես չեմ մասնակցի»,-ընդգծեց Հայրապետյանը: