Վճռաբեկ դատարանի ինչի՞ն է պետք մամուլի քարտուղարը: Հենց այս հարցն ես տալիս այդ կառույցի մամուլի նոր քարտուղարի հետ շփվելուց հետո: Նա ներկայացավ որպես Ամալյա Հարությունյան:

Վճռաբեկ դատարանում մամուլի քարտուղարը վերջերս է փոխվել: Ինչպես երեւում է` փոխվել է նաեւ վերաբերմունքը մամուլի նկատմամբ, եւ, որպես հետեւանք, հանրության նկատմամբ, հաշվի առնելով, որ լրագրողները կապող օղակ են պետական կառույցների եւ հանրության միջեւ:

Սովոր լինելով Ալինա Ենգոյանի օպերատիվ եւ արհեստավարժ աշխատանքին` երկրի բարձրագույն դատական ատյանի մամուլի քարտուղարի պաշտոնում, NEWS.am-ի թղթակիցը դիմեց հարցումով եւ… բախվեց անսպասելի եւ, մեղմ ասած, դժվար հաղթահարելի խոչընդոտի: Պարզվեց, որ Ամալյա Հարությունյանը ցանկություն չունի պատասխանելու դատարաններում քննվող գործերի մասին հարցերին: Նա հարցումը պարզապես «տշեց» datalex կայքի ուղղությամբ: Այդ չափազանց օգտակար կայքի կառուցվածքի հետ անծանոթ անձանց համար նշենք, որ ձեր որոնումները հաջողությամբ պսակվելու համար պետք է իմանաք կոնկրետ գործերի կոդերը, հակառակ դեպքում որոնումների վրա օրեր կվատնեք:

Տիկին Հարությունյանը հրաժարվեց հայտնել նաեւ դատական գործերի կոդերը` հայտարարելով. «Սիրելիս, ես ձեզ ցույց եմ տալիս որոնման ուղղությունը»:

Պատասխանից խուսափելու Ամալյա Հարությունյանի վճռականությունը մնաց անխախտ նաեւ այն պարագայում, երբ հայտնեցինք, որ խոսքը գնում է Զինված ուժերում տեղի ունեցած միջադեպերի փաստով հարուցված գործերին, եւ այն պարագայում, երբ խոստացանք հրապարակել զրույցի բովանդակությունը:

Զերծ մնալով պատասխանատու այդ կառույցի մամուլի քարտուղարի լեքսիկոնը մեկնաբանելուց, կուզենայինք հիշեցնել, որ հանրությանը տեղեկացնելը (այն չափով, որքանով չի խախտվում նախաքննական գաղտնիքը եւ հակասություններ չեն առաջանում օրենքի հետ) մտնում են մամուլի քարտուղարի ուղիղ պարտականությունների մեջ: Միեւնույն ժամանակ պետական կառույցի ներկայացուցչի նման արհամարհական վերաբերմունքը խաթարում է հանրության վստահությունը, առավել եւս, երբ խոսքը գնում է դատական համակարգի մասին: