Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ընկերությունները լավագույն օրինակ են հանդիսանում կրթություն-բիզնես համագործակցության առումով։ Այս մասին մայիսի 13-ին «Եվրասիա» միջազգային համալսարանում «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ ՏՀՏ ընկերությունները կարեւորում են ինտելեկտուալ կապիտալը եւ ներդրումներ կատարում կրթության ոլորտում, հասկանալով, որ դա վերջին հաշվով կբերի իրենց շահույթների ավելացմանը։

Նշենք, որ «Եվրասիա» միջազգային համալսարանում «Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսին ներկա էին ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։ Նոր մագիստրոսական ծրագիրը իրականացվում է լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի, Բարսելոնում, Ժնեւում եւ Մյունխենում գործող Եվրոպական համալսարանի հետ համատեղ եւ  Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ։  Ծրագիրը նպատակ ունի լրացնել Հայաստանի աշխատաշուկայում «Էլեկտրոնային բիզնես»-ի մասնագետների ներկայումս նկատվող պակասը եւ խթանել էլեկտրոնային բիզնեսով զբաղվող նոր ընկերությունների ստեղծմանը։