Երեւանում այսօր` մայիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպված համադպրոցական ինտելեկտուալ փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Երեւանի վարչական շրջանների ավագ դպրոցները` իրենց կողմից ընտրված համապատասխան թիմերով: Միջոցառումը կազմակերպվում է արդեն 6 անգամ եւ կրում է շարունակական բնույթ:
Այս անգամ միջոցառմանը ներկա են եղել եւ պարգեւները հանձնել են Կրթության եւ գիտության նախարար Ա.Աշոտյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տ.Մարգարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կ.Ավագյանը:
Աշոտյանը նշել է, որ ավագ դպրոցի մասնագիտական կրթությունն է ապահովում անհրաժեշտ ինտելեկտուալ բազան. ասվածի վկայությունը հենց այսօրվա փառատոնային ակտիվությունն է: Նախարարը նշեց, որ միջոցառումը լավ հնարավորություն հանդիսացավ աշակերտների հետ հանդիպման եւ շփման համար:
Ինտելեկտուալ փառատոնն անցկացվում էր մայիսի 11-ից 3 փուլով: Առաջին եւ երկրորդ փուլերին մասնակցած վարչական շրջանների ավագ դպրոցների թիմերից կիսաեզրափակիչ փուլ են դուրս եկել 2 օրերի ընթացքում հաղթող ճանաչված ավագ դպրոցների 6-ական թիմերը:
Վերջին եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցել են եզրափակիչ փուլ դուրս եկած 14 ավագ դպրոցների թիմերը, ինչի արդյունքում համադպրոցական ինտելեկտուալ փառատոնում երրորդ տեղը գրավել է Շենգավիթ վարչական շրջանի թիվ 97 ավագ դպրոցը, երկրորդ տեղը` Կենտրոն վարչական շրջանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը, իսկ փառատոնի հաղթող է ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի թիվ 118 ավագ դպրոցը:































