Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը «Գալուստ Գյուլբենկյան» պորտուգալական բարեգործական հիմնադրամից «Մարդասիրության համար» 1 միլիոն եվրո մրցանակ է ստացել: Այս մասին 17-ամյա դափնեկիրը պատմել է իր թվիթերյան էջում:

Թունբերգը հայտարարել է, որ իր համար այսպիսի մրցանակ ստանալը «չափազանց մեծ պատիվ է»: Ակտիվիստ աղջիկը խոստացել է ամբողջ հասույթը փոխանցել բնապահպանական կազմակերպություններին, որոնք օգնում են բնապահպանական ճգնաժամից տուժած մարդկանց, «հատկապես գլոբալ Հարավում»: Նա գումարը մտադիր է իր հիմնադրամի միջոցով փոխանցել:

Առաջին 100 000 եվրոն կուղղվի բրազիլական SOS Amazônia հիմնադրամին, որը ստեղծվել է «Ուրբաթներ հանուն ապագայի» շարժման կողմից՝ Ամազոնի անտառներում կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու համար: Նույնքան գումար կուղարկվի Stop Ecocide Foundation-ին, որի նպատակը շրջակա միջավայրի ոչնչացումը միջազգային հանցագործություն ճանաչելն է, հայտնում է НСН-ը:

Մրցանակը սահմանվել է Գալուստ Գյուլբենկյանի կողմից, որը Մերձավոր Արեւելքում նավթի լայնածավալ արտադրության շնորհիվ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ինչը հակասում է կլիմայի եւ շրջակա միջավայրի վերաբերյալ Թունբերգի գաղափարներին:

Ինչպես նշել է մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Խորխե Սամպայոն, ակտիվիստը մրցանակի է արժանացել այն բանի համար, որ կարողացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարում մոբիլիզացնել երիտասարդ սերունդներին», հայտնում է kp.ru կայքը:

Մայիսի 14-ին հաղորդվել էր, որ Գրետա Թունբերգը հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) 100 000 դոլար նվիրաբերելու իր որոշման մասին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:

Ապրիլի 25-ին էկոակտիվիստուհին պատմել էր, որ ինքը շատ ուրախ է գլոբալ տնտեսական ճգնաժամի պատճառով, որը ծագել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, քանի որ ճգնաժամի շնորհիվ իրականացել է իր երազանքը՝ կրճատվել են ածխածնի արտանետումները մթնոլորտ: