ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրաման է ստորագրել, որով արգելվում է չգրանցված ներգաղթյալներին հաշվառել երկրում այս տարի անցկացվող համընդհանուր մարդահամարի ժամանակ, ինչը կանդրադառնա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այս պահին դեմոկրատների կողմից վերահսկվող տեղերի բաշխման վրա: Փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարի հրամանը, որը շատերը քննադատության ենթարկել, ըստ էության, դարձել է ամեն 10 տարին մեկ անցկացվող մարդահամարի համար անկետայի մեջ քաղաքացիության մասին հարցի ներառման վերաբերյալ վաշինգտոնյան վարչակազմի առաջարկի նմանօրինակը: Անցյալ տարի երկրի Գերագույն դատարանն արգելափակել էր այս նախաձեռնությունը:
Սպիտակ տան պարզաբանման համաձայն՝ մարդահամարի վերաբերյալ վերջնական զեկույցը Կոնգրես փոխանցելիս վճռորոշ խոսքի իրավունքը վերապահվել է նախագահին, ընդ որում՝ Սահմանադրության մեջ հստակ սահմանված չէ, թե որ անձինք պետք է հաշվի առնվեն Ներկայացուցիչների պալատում յուրաքանչյուր նահանգի բնակչության թվաքանակին համապատասխան տեղերը բաշխելիս:
Թրամփի հրամանում նշված է, որ «գործադիր իշխանությունն է որոշում նրան, ով համարվում է «[ԱՄՆ-ում] բնակվող անձ», այդ թվում լիազորությունների ունի երկրի բնակիչների ցուցակից, որն անհրաժեշտ է Կոնգրեսի ստորին պալատում տեղերի բաշխման համար, հանելու «օտարերկրացիներին, որոնք չունեն օրինական ներգաղթային կարգավիճակ»: «Այս անօրինական ներգաղթյալների բացառումը տեղաբաշխման ցանկից մեծապես համաձայնեցվում է ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքների հետ, որոնք դրված են մեր կառավարման հիմքում»,- նշված է Թրամփի հրամանում:
Փաստաթղթում քննադատության են ենթարկվում Կալիֆոռնիայի իշխանությունները, որը Կոնգրեսում ներկայացված է գերազանցապես դեմոկրատներով, նահանգն անվանվել է «ավելի քան 2,2 մլն անօրինական ներգաղթյալների տուն»: Թրամփն իր հրամանում նշում է, որ «այս բոլոր անօրինական ներգաղթյալներին նահանգի բնակչության կազմի մեջ ներառումը կարող է հանգեցնել Կոնգրեսում 2 կամ 3 տեղ ավելի հատկացնելուն, քան հակառակ դեպքում»: Պետության ղեկավարը իր գրավոր հայտարարության մեջ այս որոշումն անվանել է «արմատական ձախերին» հետ մղելու փորձ, որոնց նա մեղադրում է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ: «Նախկինում ժամանակ կար, երբ հնարավոր էր հպարտությամբ հայտարարել. «Ես Միացյալ Նահանգների քաղաքացի եմ»,- նշել է Թրամփը: - Բայց հիմա արմատական ձախերը փորձում են ոչնչացնել այդ կոնցեպցիան եւ թաքցնել մեր երկրում անօրինական ներգաղթյալների թվաքանակը: Այս ամենը ձախերի ավելի լայն ջանքերի մասն է՝ ուղղված ամերիկացի քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը, եւ ես դա չեմ հանդուրժի»:
Հարկ է նշել, որ դեռեւս պարզ չէ, թե Թրամփի վարչակազմն ինչպես է որոշելու յուրաքանչյուր շահառուի քաղաքացիությունը կամ ներգաղթային կարգավիճակը, քանի որ մարդահամարի մեջ ներառված չէ քաղաքացիության մասին հարցը: Սակայն անցյալ տարի նախագահը պետհաստատություններին հանձնարարել էր հավաքել եւ մարդահամարի անցկացման համար պատասխանատու առեւտրի նախարարությանը փոխանցել Միացյալ Նահանգներում քաղաքացիների եւ օտարերկրացիների մասին տվյալները՝ հասկացնելով, որ այս տեղեկությունները օգտագործվելու են մարդահամարի արդյունքները վերլուծելիս:
Դեմոկրատները, որոնք ավանդաբար աջակցում են անօրինական ներգաղթյալներին, խիստ քննադատության են ենթարկել վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարի որոշումը: Այսպես՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ) հրամանն անվանել է մարդահամարի արդյունքներին վնաս հասցնելու «ոչ սահմանադրական եւ ապօրինի փորձ»:
Հրամանն ուղղված է բացառապես Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղերի բաշխմանը, բայց անտեսում է բյուջեի համար հետեւանքները՝ դաշնային ծրագրերի ֆինանսավորումը զգալի չափով կախված է մարդահամարի արդյունքներից: Եթե չգրանցված ներգաղթյալներին դուրս են թողնում մարդահամարից, ապա դա առաջին հերթին կհարվածի օրենսդիր մարմնի ստորին պալատում Կալիֆոռնիայի ներկայացուցչությանը: Սակայն կտուժեն եւ Կոնգրեսում տեղեր կկորցնեն նաեւ հանրապետականներին աջակցող այնպիսի նահանգներ, ինչպես Տեխասը եւ Ջորջիան, որտեղ բնակվում են համապատասխանաբար՝ 1,6 մլն եւ 400 հազար չգրանցված ներգաղթյալներ:
Ներկայացուցիչների պալատում այս պահին 435 կոնգրեսական կա: Մանդատները նահանգների միջեւ բաշխվում են դրանց բնակչության թվաքանակին համապատասխան (համաձայն ամեն 10 տարին մեկ անցկացվող մարդահամարի արդյունքների), հիմա այս պալատի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է շուրջ 600 հազար ընտրողի: Կոնգրեսի Սենատի կազմի մեջ մշտական հիմունքով մտնում է 100 մարդ՝ յուրաքանչյուր նահանգից՝ 2-ական:





























