Կրթական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու Թայլանդի եւ Միացյալ Թագավորության Ռիջենտս դպրոցի հիմնադիր նախագահ Վիրաչայ Թեչավիչիթի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը կարեւորել է եւս երկու խնդիր` կրթված հասարակության ձեւավորումն ու ներդրողների համար Երեւանում դյուրին, մատչելի եւ հարմարավետ բիզնես միջավայրի ստեղծումը. «Այս երկու գործոնների առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ»,-ընդգծել է քաղաքապետը:

Վիրաչայ Թեչավիչիթը քաղաքապետին է ներկայացրել Ռիջենտս դպրոցի պատմությունը, ավանդույթներն ու կրթական ծրագրերը. «Մենք մեր դպրոցում պատրաստում ենք բազմակողմանի զարգացած առաջնորդներ»,-նշել է դպրոցի հիմնադիրը:

Հաշվի առնելով Ռիջենտսի միջազգային ճանաչումը, ինչպես նաեւ բարձր գնահատելով դպրոցի կրթական ծրագրերի մակարդակը, Կարեն Կարապետյանը հյուրին առաջարկել է Երեւանում նույնպես հիմնել ավանդույթներով հարուստ նմանատիպ դպրոց:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին վստահության համար, Վիրաչայ Թեչավիչիթը պատրաստակամություն է հայտնել բազմակողմանի վերլուծել առաջարկն ու խոստացել է մինչ Թայլանդ վերադառնալը ներկայացնել հստակ առաջարկների փաթեթ:

Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը Երեւանում իրականացրած բարեգործական կրթական ծրագրերի համար Ռիջենտս դպրոցի նախագահին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: