Մայիսի 16-ին` Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրը, ԵՊՀ-ում տեղի կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի եզրափակիչ փուլը: Այնուհետեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները կշրջեն բոլոր ֆակուլտետներով` բոլոր ուսանողներին մեկ առ մեկ փոխանցելով շնորհավորական բացիկներ եւ տոնական բարձր տրամադրություն:
Անակնկալներ եւ նվերներ են լինելու բոլոր այն ուսանողների համար, ովքեր մայիսի 16-ին կնշեն իրենց ծննդյան տարեդարձը: Շրջայցի ավարտին հանդիսավոր կերպով կիրականացվի Երեւանի պետական համալսարանի օրհնության արարողությունը:
Ի դեպ, վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ՈՒԽ-ի անդամներն առաջարկեցին մայիսի 16-ը դարձնել հայ ուսանողի օր, ինչպես եւ ընդունված է շատ այլ երկրներում:
Իսկ արդեն ժամը 16:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգը: Ռոբերտ Ամիրխանյանը նաեւ ԵՊՀ հիմներգի հեղինակն է:



























