Երեւանի «Միկա» սպորտային համալիրում մայիսի 15-ին տեղի կունենա 5-րդ IT CUP ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ խաղը` Beeline եւ Questrade/Epress.am թիմերի միջեւ: Նույն օրը, ժամը 17:00-ին դրան կնախորդի երրորդ տեղի համար խաղը, որտեղ կմրցեն Synopsys SEG եւ Mentor Graphics թիմերը:
Խաղի ավարտին գավաթներ եւ մեդալներ կստանան Առաջին, Երկրորդ եւ Երրորդ տեղ գրաված թիմերը:
Նախորդած շուրջ երկուսուկես ամիսներին մրցաշարը հարուստ է եղել հետաքրքրական խաղերով ու թեժ մրցապայքարով: Մրցանակներ են սահմանված լավագույն խաղացողի, պաշտպանի, դարպասապահի, ռմբարկուի եւ անփոխարինելի խաղացողի համար: Առաջին երեք անվանակարգում հաղթողներն ընտրվել են բոլոր թիմերի կողմից նախապես կատարված ընտրության արդյունքում: Այսօրվա դրությամբ լավագույն ռմբարկուների տասնյակը գլխավորում է Questrade/Epress.am թիմի խաղացող Դավիթ Նազարյանը, ով 28 գոլի հեղինակ է եւ մրցակիցներից առաջ է 10 միավորով:
Արդեն 5-րդ անգամ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների միջեւ անցկացվող IT CUP ֆուտզալի մրցաշարն այս տարիների ընթացքում ընդլայնել է մասնակից թիմերի քանակը` 16-ից հասնելով 28-ի:
IT CUP ֆուտզալի մրցաշարը դարձել է ավանդական եւ կազմակերպվում է 2007 թվականից: Մրցաշարի անցկացման գլխավոր նպատակն է խթանել ակտիվ եւ առողջ ապրելակերպը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել Հայաստանի ՏՏ մասնագետներին ծանոթանալ եւ իրական կյանքում շփվել միմյանց հետ:




























