Ամերիկացի միլիարդատեր-բարերար Բիլ Գեյթսը հանդես է եկել համացանցում տարածված դավադրության տեսությունների դեմ, որոնք նրան մեղադրում են կորոնավիրուսի տարածման մեջ:
«Սա համավարակի, համացանցի եւ մարդկանց վատ զուգակցություն է, որոնք պարզ բացատրություն են որոնում»,- CNN Town Hall-ի հետ հարցազրույցում ասել է Microsoft-ի հիմնադիրը:
Գեյթսին թիրախավորած ֆեյք լուսանկարները եւ դավադրության տեսաբանների պատրաստած լրատվական հոդվածները, որոնք հազարավոր անգամ տարբեր լեզուներով հրապարակվել են սոցցանցերի պլատֆորմներում, համացանցում հանրահայտ են դարձել համավարակի սկսզբից եւեթ: Տեսանյութը, որը Գեյթսին մեղադրում է պատվաստման եւ էլեկտրոնային միկրոչիպերի միջոցով «բնակչության 15 տոկոսին ոչնչացնելու» մեջ, YouTube-ում միլիոնավոր դիտումներ է ունեցել:
«Մեր հիմնադրամն ավելի շատ փող է հատկացրել կյանքերի փրկության նպատակով պատվաստանյութեր գնելու համար, քան ցանկացած այլ կազմակերպություն»,- ասել է Գեյթսը: Նրա խոսքով՝ ինքը 250 մլն դոլար է հատկացրել համավարակի դեմ պայքարին, իսկ նրա հիմնադրամը միլիարդավոր դոլար է ծախսել վերջին 20 տարում զարգացող երկրների առողջապահության բարելավման համար: «Ասում են, որ մենք փող ենք աշխատում եւ փորձում ենք մարդկանց սպանել պատվաստանյութերի կամ հայտնաբերված ինչ-որ բանի միջոցով: Համենայնդեպս, ճշմարտությունն այն է, որ մենք կապ ունենք պատվաստանյութերի հետ, մնացյալը գլխիվայր շրջված է»,- ասել է նա՝ հավելելով, թե հույս ունի, որ դավադրությունների տեսությունները «պատվաստանյութերի հանդեպ անվստահություն» չեն առաջացնի:
Ճգնաժամի սկզբից AFP Fact Check-ը պսակազերծել է Գեյթսի դեմ տասնյակ լուրեր, որոնք տարածվել են այնպիսի պլատֆորմներում, ինչպես Facebook-ը, WhatsApp-ը եւ Instagram-ը:
Մի շարք մեղադրանքներ, ներառյալ այն տեղեկությունները, որ ՀԴԲ-ն Գեյթսին կալանավորել է կենսաբանական ահաբեկչության պատճառով կամ, որ նա աջակցում է Արեւմուտքի դավադրությանը՝ աֆրիկացիներին թունավորելու համար, ընդհանուր թեմա ունեն: Նրանք մագնատին մեղադրում են, որ նա ճգնաժամն օգտագործում է «մարդկանց վերահսկելու» համար կամ փող է վաստակում պատվաստանյութերի վաճառքով:
Սա առաջին անգամ չէ, որ Գեյթսը դառնում է դավադրության տեսաբանների թիրախը: Երբ 2015 թվականին Բրազիլիայում բռնկվել էր Զիկա վիրուսը, նա մի քանի ազդեցիկ արեւմտյան գործիչներից մեկն էր, ում մեղադրել էին այդ հիվանդության տարածման մեջ: Ըստ դավադրության եւս մեկ տեսության՝ Գեյթսը ռեպտիլոիդ է:




























