Վորոնեժի կենտրոնում չարտոնված հավաքի մասնակիցները՝ մի քանի տասնյակ ավտոմեքենա Ադրբեջանի դրոշներով, տուգանվել են, նրանցից մեկը կալանքի տակ է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Կուլիկովան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավտոերթի մասնակիցները, թափահարելով Ադրբեջանի դրոշները, անցել են Կոլցովսկայա փողոցով եւ շրջվել են դեպի Պլխանովսկայա փողոց: Ընդ որում, նրանք ակտիվորեն ազդանշաններ էին տալիս եւ աղմուկ բարձրացնում:
«Հուլիսի 19-ին, ժամը 19: 00-ից (Մոսկվայի ժամանակով), ոստիկանությունը սկսել է ահազանգեր ստանալ քաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային միջոցների մասին, որոնք խանգարում է քաղաքացիների տեղաշարժին»,- նշվում է Կուլիկովայի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Վորոնեժի շրջանում ոստիկանները սկսել են կատարվածի ստուգումը։
Ներկայումս չթույլատրված հանրահավաքի յոթ մասնակից վարչական պատասխանատվության է ենթարկվում Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2.2-րդ հոդվածի 1-ին մասով։ Հանցագործներից մեկի նկատմամբ երկու օր ժամկետով կալանք է սահմանվել, մյուսներին նկատմամբ՝ 10 հազար ռուբլի տուգանք։ Բացի այդ՝ նրա խոսքով, ութ վարորդի դեմ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 10 նյութ՝ երթեւեկության կանոնների տարբեր խախտումների համար: Խախտողները տուգանվել են 500-ից 1500 ռուբլու չափով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ Վորոնեժում ադրբեջանցիները ավտոմեքենաներով երթեւեկում ու բղավում էին «Մահ հայերին», ինչից հետո բախումներ են սկսվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան, քանի որ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանակին ժամանել եւ կարողացել են բաժանել բախման մասնակիցներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:




























