«Երկիր» թերթը գրում է. «Ադրբեջանական հրոսակները, միջազգային հանրության՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնելու հանգամանքից օգտվելով, շարունակ խախտում են հրադադարի ռեժիմը, իշխանություններն էլ չեն դադարում հոխորտալ ու ներքին օգտագործման համար քարոզչություն իրականացնել։ Ժողովրդին չհուսալքելու նպատակով նաեւ գաղտնի են պահում, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանագծում, որ իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտումների համար ադեկվատ պատասխան են ստանում եւ զոհեր տալիս։
«Երկիրն» արդեն տեղեկացրել է, որ վերջին շրջանում զոհված ադրբեջանցի զինծառայողներին հրամանատարական կազմը հապճեպ հուղարկավորում է եւ փաստաթղթերում նշում, թե դասալիք են կամ անհայտ կորած։ Նշել էինք նաեւ ադրբեջանցի 3 զինծառայողների անուններն ու զորամասերը։
«Երկիր»-ի նոր տեղեկությունների համաձայն՝ այս տարվա հունվարի 6-ին, սահմանագծին սպանվել է ադրբեջանական 1-ին բանակային կորպուսի, 161 մոտոհրաձգային բրիգադի զինծառայող Ուլվի Իֆթիգարօղլի Հուսեյնովը, հունվարի 25-ին՝ նույն բանակային կորպուսի, 190 մոտոհրաձգային բրիգադի լեյտենանտ Զամին Ալլահվերդիօղլի Մամեդովը։ Նրանց սպանելու մասին ադրբեջանական լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել»։




























