Մալայզիայի Գերագույն դատարանը երեքշաբթի երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին մեղավոր է ճանաչել SRC International պետական ներդրումային ֆոնդում տնտեսական հանցագործությունների գործով նրան առաջադրված մեղադրանքների բոլոր հոդվածներով, հայտարարել է դատավոր Մոհամմադ Նազլանը, փոխանցում է The Star պարբերականը:
«Այս դատավարության ժամանակ քննելով բոլոր ապացույցները՝ հաստատվել է, որ մեղադրող կողմը հաջողությամբ ապացուցել է իր դիրքորոշումը»,- ասել է նա: Երկրի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 7 կետերով, այդ թվում՝ իշխանության չարաշահման, փողերի լվացման մեջ: Ներդրումային ֆոնդին պատճառված վնասի ընդհանուր գումարը կազմում է 42 մլն ռինգիտ (9,8 մլն դոլար):
Այս գործով դատավարությունը սկսվել է անցյալ տարվա ապրիլի 3-ին, սակայն նիստերը մշտապես հետաձգվում էին ամբաստանյալի փաստաբանների բացարկների պատճառով: Նրան կարող է սպառնալ մինչեւ 20 տարվա բանտարկություն, ինչպես նաեւ ռոտանգային փայտի հարվածներով մարմնական պատիժ: Դրանից բացի, տուգանք է նախատեսված պատճառած վնասի հնգապատիկի չափով:
Նաջիբը միաժամանակ անցնում է մի քանի այլ խոշոր կոռուպցիոն քրեական գործերով՝ կապված 1MDB ներդրումային ֆոնդի հետ: Նաջիբն ընդհանուր առմամբ մեղադրվում է մոտ 547 մլն դոլարի յուրացման մեջ:
Նաջիբի ղեկավարած Միավորված մալայզիական ազգային (նոր) կազմակերպությունը 2018 թվականի մայիսին խորհրդարանական ընտրություններում սենսացիոն պարտություն էր կրել: Ընդդիմության առաջնորդ Մահաթհիր Մոհամմադը, որը դարձել էր երկրի վարչապետը, ֆոնդի եւ անձամբ իր նախորդի դեմ քննություն էր նախաձեռնել:
Նաջիբ Ռազակը, 2009 թվականին դառնալով երկրի վարչապետը, գրեթե անմիջապես ստեղծել էր 1MDB ֆոնդը՝ նախատեսված խոշոր ներդրումային նախագծերի համար այնպիսի ոլորտներում, ինչպես՝ էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը: 2015 թվականին The Wall Street Journal պարբերականը հրապարակել էր սենսացիոն հոդված Նաջիբի անձնական հաշիվներում 700 մլն դոլարի առկայության մասին, որոնք փոխանցվել էին ֆոնդի հաշիվներից:
Իշխանությունները սկզբում կտրականապես հերքում էին մեղադրանքները, սպառնում հայցերով եւ փակում ընդդիմադիր լրատվամիջոցները: Ոստիկանության պետը այդպիսի հրապարակումներն անվանում էր պետական հեղաշրջման փորձեր: Չնայած ներկայացվող կոռուպցիայի եւ յուրացումների մեղադրանքներից պատնեշվելու փորձերին, իշխանությունները ստիպված էին քննություն սկսել: Արդյունքում հակակոռուպցիոն գերատեսչությունը ընդունել էր Նաջիբի հաշիվներում 700 մլն դոլարի առկայությունը: Ճիշտ է, ըստ նրա վարկածի, այդ միջոցները ոչ մի կապ չունեին ֆոնդի հետ, այլ ընդամենը հովանավորչական վճարումներ էին: Ինքը՝ նախկին վարչապետը երկար ժամանակ լռում էր, բայց հետո պարզաբանել է, որ դա եղել է քաղաքական կարիքների համար Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքից ստացած օգնություն:




























