Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի հետ զրույցում Զարթոնք գյուղի գյուղապետ Սամվել Աղաջանյանը նշեց, որ իր տեղեկություններով միջադեպի պատճառը անձնական է եղել:

«Զուտ անձնական խնդիրներ են, նախկին գյուղապետն ու նրա համախոհները խնդիրներ ունեն իմ տեղակալ Սուրեն Պողոսյանի հետ: Ճիշտ է՝ երեկվա միջադեպը հանդարտվել է, բայց դեռ անձնական խնդիրներ ունեն լուծելու»,- ասաց գյուղապետն ու հավելեց, որ նրանք տվյալ գործի շրջանակներում դիմել են ոստիկանություն, արդեն քրգործ է հարուցվել, անձինք են հարցաքննվել:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ըստ գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանի՝ մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, 20 հոգով պատրաստված, հարձակվել ու ծեծի են ենթարկել իրեն և մի քանի այլ գյուղացիների:

NEWS.am-ը փորձեց զրուցել նաև Զարթոնքի նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի: