Գյումրիում ավարտվել է մայիսի 5-13-ին կայացած երաժիշտ կատարողների «Վերածնունդ» երրորդ միջազգային մրցույթ-փառատոնը, նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Փառատոնի շրջանակներում  անցկացվել են  հանդիպումներ, կլոր սեղաններ,  վարպետության դասեր, գիտաժողով՝  Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը խորագրով:

Ընդ որում փառատոնի յուրաքանչյուր օր նվիրվել էր որեւէ նշանակալի իրադարձության՝ Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին, Շուշիի ազատագրմանը  եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 66-ամյակին:

Մայիսի 14-ին տեղի է ունեցել նաեւ տարբեր ուսումնական հաստատություններում անցկացված երաժշտական մրցելույթների հաղթողների մրցանակաբաշխությունը:  Յոթ մասնագիտական   հանձնաժողովներում ընդգրկված  արվեստի գործիչները մասնակցել են նաեւ ասուլիսի, իսկ փառատոնի հանդիսավոր փակումը, եւ գալա համերգը տեղի է ունեցել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Հանձնվել են մրցանակներ, իսկ հաղթող մասնակիցները հանդես են եկել համերգային կատարումներով: