Այսօր` մայիսի 15-ին, ժամը 00:15-ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրիից Երեւան ընթանալիս Աշտարակի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել Աշտարակի բնակիչ, 44-ամյա Սարգիս Սիմոնյանին, եւ թողնելով անօգնական, դիմել փախուստի:

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ` ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում վրաերթ կատարելու կասկածանքով առավոտյան ոստիկանություն բերման է ենթարկվել Աշտարակի բնակիչ, 32-ամյա Գեւորգ Հակոբյանը: Նրա տան ավտոտնակում հայտնաբերվել է  ՎԱԶ-21061 մակնիշի 21 ՕՕ 893 համարանիշի ավտոմեքենան` վնասված եւ դիմապակին կոտրված վիճակում:

Պարզվել է, որ Հակոբյանը չունի վարորդական իրավունքի վկայական եւ վրաերթը կատարելուց հետո փախուստի ժամանակ հարվածել է այդ պահին այնտեղ գտնվող 26-ամյա Վազգեն Աբաջյանին պատկանող Opel Vectra մակնիշի, 22 ԼՍ 158 համարանիշի ավտոմեքենային:

Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ի դեպ, վրաերթի ենթարկված Սարգիս Սիմոնյանին հիվանդանոց է տեղափոխել Վազգեն Աբաջյանը, տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի