Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով, մարտի 1-ի դեպքերի գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները` քննչական խմբի ղեկավարի եւ խմբի քննիչների հետ, այսուհետ, յուրաքանչյուր ամիս հանդիպելու են լրագրողների հետ:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նման հանդիպումների նպատակը հնարավոր նոր ապացույցներ եւ փաստեր ի հայտ բերելը, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելն է:
Լրագրողները կարող են մասնակցել հանդիպմանը եւ հնչեցնել իրենց հուզող հարցերը` բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին եւ վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին, ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում (Երեւան, Տիգրան Մեծի 5): Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 25-ին:





























