Ավտոկայանատեղիների կանոնակարգման հարցում փորձի փոխանակման հարցն են քննարկել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը (նստավայրը Թբիլիսի):

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դիանա Յանսենը նշել է, որ ավտոկայանատեղիների կանոնակարգման խնդիրը Շվեդիայում լավ հիմքերի վրա է դրված:

Կարեն Կարապետյանը դեսպանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում ներկայում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը, կարեւորելով միջազգային առաջադեմ փորձի փոխանակումը եւ գործարար շրջանակների ներգրավվածությունն այդ ծրագրերում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ շվեդական ընկերությունների գործունեությունը Երեւանում ծավալելու ուղղությամբ:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել եւ Երեւանի քաղաքապետի մտադրությունները փոխանցել շվեդ գործարարներին: