Կաննի կինոշուկայի չեխական տաղավարում այսօր` մայիսի 16-ին կայացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ «Բարանդով» ստուդիայի վաճառքների գծով  տնօրեն  Պիտեր Տիչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին  երկարատեւ եւ բազմաշերտ կինոհամագործակցություն սկսելու մանրամասները: 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, ըստ նախնական պայմանավորվածության, աշնանը  Երեւանում  կկազմակերպվի «Բարանդով»  կինոստուդիայի շնորհանդեսը: Այդ օրերին Երեւանում տեղի կունենա նաեւ չեխական մեկ մանկական  ֆիլմի ցուցադրություն եւ կանցկացվի   սեմինար  ուսանողների համար:

Գ.Գեւորգյանի խոսքերով, այս համագործակցությունը չափազանց կարեւոր է հայկական կողմի համար, քանի որ միաժամանակ նկարահանվող  ֆիլմերը  կարող են հետարտադրական փուլի աշխատանքները շարունակել Պրահայում:  Չեխական կողմը  առաջարկում է նաեւ Չեխիայի տարածքում կազամակերպել նաեւ այդ ֆիլմերի վարձույթը:

Դեռեւս մեկ տարի առաջ սկսված բանակցությունների արդյունքում,  չեխական կողմը արդեն համաձայնություն է տվել վերցնելու ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Սրբագրողը»  ֆիլմի  համաարտադրությունը` կինոնկարի հետարտադրական  փուլի  համար (նախատեսվում է  մայիսի 17-ին ստորագրել պայմանագիրը):

Նշենք, որ այս օրերին հայկական տաղավար են այցելել  կինոշուկային մասնակցող  մի շարք երկրների ներկայացուցիչները, որոնք հատկապես հետաքրքրված են նոր նախագծերով:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ , Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել է նաեւ Մարիա Սահակյանի «Ալավերդի»  ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների  ցուցադրությունը:  Կինոնկարի պրոդյուսեր Վիկտորիա Լյուպիկը  խոսեց  ֆիլմի մասին, նշեց, որ այն գտնվում է  հետարտադրական փուլում, սակայն  կան  ֆինանսկան  խնդիրներ եւ իրենք  փորձում են շուկայում նոր գործընկերներ գտնել` ֆիլմն ավարտին հասցնելու համար:

Նշենք, որ հայկական տաղավարում ֆիլմերի աշխատանքային տարբերակաների ցուցադրությունը նախապես համաձայնեցված են դրանց պրոդյուսերների հետ: