Հայաստանի կառավարության կողմից արդեն  հաստատվել է  Հայաստանի  միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որում արտացոլված են նաեւ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համագործակցության արդյունքները:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր` մայիսի 16-ին ընդունել է ՄՄԿ պատվիրակությանը`  տարածաշրջանային ներկայացուցիչ Անդրեաս Հալբախի ղեկավարությամբ:

Փոխվարչապետը նշել է, որ այս տարի նախատեսվում է  հաստատել հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որը ենթադրելու է առկա խնդիրների լուծման համար հստակ, գործնական քայլերի իրականացում: Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ ծրագրի իրագործմանը կաջակցի նաեւ ՄՄԿ-ն: 

Միգրացիոն խնդիրները նաեւ Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգում են: Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում զգալի դեր է հատկացված միգրացիոն հարցերին, եւ, ըստ Ա. Գեւորգյանի,  Հայաստանը կարեւորում է թե մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման, թե շարժունակության եւ գործընկերության ծրագրերը:  

Ա. Հալբախն իր հերթին պատրաստակամություն է հայտնել  Հայաստանին հետաքրքրող ուղղություններով աջակցություն ցուցաբերել` հիմնվելով իրենց  ունեցած փորձի եւ գիտելիքների վրա: Կազմակերպության անդամները նաեւ   առաջարկել են գործընկերային սկզբունքով օժանդակել ԵՄ-ի հետ համագործակցության գործընթացին: