Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 16-ին կայացած դռնփակ դատական նիստում  որոշում է կայացրել երկամսյա կալանք կիրառել 38-ամյա Վազգեն Հասանի Քալաշյանի նկատմամբ, ով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի միջնորդությունը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թբիլիսյան խճուղում մայիսի 8-ին ժամը 19:30-ի  սահմաններում մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել, որի արդյունքում Միքայելյանի անվան հիվանդանոց էր տեղափոխել 69-ամյա Սուրեն Գաբրիելյանը:

Պարզվել էր, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ս. Գաբրիելյանին եւ թողնելով անօգնական, դիմել փախուստի: Մի քանի ժամ անց Գաբրիելյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուշքի չգալով մահացել էր:

Նույն օրը 23:00-ի սահմաններում քննիչ Աշոտ Ասատուրյանին է ներկայացել Վազգեն Քալաշյանը եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 78 DU 888 համարանիշի ավտոմեքենայով: Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել էր ՃՈ տուգանային հրապարակ, իսկ դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ: