Հոկտեմբերի 6-ին Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների` հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 13-րդ նիստը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցել են ՌԴ, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները:

Շտաբի անդամները աշխատանքային տարբեր խմբերում քննարկել են մրցակցության պաշտպանության եւ հակամենաշնորհային քաղաքականության ոլորտի մի քանի կարեւոր հարցեր, մասնավորապես` հեռահաղորդակցության եւ ավիաուղեւորափոխադրումների շուկաներում մրցակցության կանոնների խախտումների համատեղ հետազոտությունների ենթախմբերի գործունեության արդյունքները:

Ինչպես նաեւ քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում ցորենի շուկայի հետազոտության արդյունքների հիման վրա կազմված զեկույցի նախագիծը, ԱՊՀ անդամ երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի բարեփոխումների եւ էլեկտրաէներգետիկայի շուկայում հակամենաշնորհային մարմինների դերի մասին զեկույցը: