Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Ռումինիայի մրցակցության խորհրդի միջեւ հոկտեմբերի 6-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի ստորագրմամբ երկու երկրների մրցակցային մարմինները նպատակ ունեն ստեղծել բարենպաստ պայմաններ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, խթանել եւ ամրապնդել մրցակցության օրենսդրության ոլորտում կողմերի միջեւ համագործակցությունը` հիմնվելով հավասարության եւ փոխադարձ շահերի սկզբունքների վրա:

Ըստ Հուշագրի, համագործակցությունն իրականացվելու է հետեւյալ ուղղություններով՝ փոխադարձ աջակցություն` կողմերի առկա փորձի հիման վրա, հետազոտությունների, ուսումնասիրությունների, դիտանցումների, ստուգումների եւ վարույթների իրականացմանն առնչվող հարցերով փորձի փոխանակում, ինչպես նաեւ պրակտիկ օժանդակություն, տեղեկատվության փոխանակում եւ այլն: