«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին: Խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ:
Հանցագործության մասին հաղորդման տեքստում նշվում է, որ «Ավագշին» կազմակերպությունը բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել է շուրջ 9.000 քառակուսի մետր տարածք, սկսել է ապօրինի շինարարություն եւ վտանգել բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը:
Մայիսի 12-ին «Ժառանգություն» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու բազմաթիվ բնապահպանական ու հասարակական ակտիվիստների հետ միասին այցելել են այդ տարածք, որտեղ Արամ Հարությունյանը հայտարարել է, որ տվյալ տարածքում ծառերը կտրելու թույլտվություն առկա չէ:
Իր հերթին` ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից դադարեցվել է հիշյալ կազմակերպության կողմից ինքնակամ շինարարական գործունեությունը, քանի որ կառուցվող շինության համար բացակայում են օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը եւ առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն:
Փոխարենը Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը նշել է, որ նշված տարածքում քանդման աշխատանքների թույլտվության համար հիմք է հանդիսացել
կառավարության 09.09.2010թ. որոշումը, որով այդ տարածքը ճանաչվել է գերակա հանրային շահ: Նաեւ Երեւանի քաղաքապետարանը թույլ տվել այդ տարածքում բազմահարկ շենք կառուցել:
Այնինչ, դեռեւս մարտի 23-ին Երեւանի քաղաքապետարանը տարածքի բնակչությանը գրավոր տեղեկացրել էր, որ «վերը նշված բակային տարածքի կառուցապատման նախագծային փաստաթղթեր դեռեւս մշակված եւ համաձայնեցված չեն»:
Ստուգայցի հաջորդ օրը, ամենայն հավանականությամբ կառուցապատողի կողմից, գիշերը տարածքում փակցվում է կառուցվող շենքի մակետը եւ տվյալներ կառուցապատող ընկերության մասին:
Այսպիսով, Նալբանդյան 106/1 հասցեում.
1. Կառուցապատողը թույլատվություն է ունեցել կատարելու միայն քանդման աշխատանքներ` համաձայն քաղաքապետարան ներկայացրած քանդման աշխատանքների նախագծի, սակայն իրականացրել է նաեւ կառուցման, տվյալ պարագայում` հողային աշխատանքներ նույնպես, ինչի իրավունքը չի ունեցել:
2. ՀՀ քաղաքաշինության նախարարի հայտարարությունը ապացույց է նրա, որ կառուցապատող դուրս է եկել թույլատրված գործունեության` քանդման աշխատանքների շրջանակներից, իրականացրել է ապօրինի շինարարական գործունեություն, եւ դրա ապացույցն է այն, որ պահանջվել է դադարեցնել ապօրինի գործունեությունը:
3. Չունենալով Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված ու հաստատված կառուցապատման նախագիծ, ինչը պահանջում է նաեւ նախօրոք կազմակերպված հանրային լսումներ եւ ստացված բնապահպանական եզրակացություն, «Ավագշին» ՍՊԸ–ն արդեն իսկ ազդարարել է, թե ինչ է կառուցում, ինչը օրենքի խախտում է:
4. Չունենալով տարածքում առկա բազմամյա ծառերի հատման թույլտվություն, որոշ ծառեր, տարածքի բնակիչների պնդմամբ, արդեն իսկ հատվել են, իսկ որոշները` լրջորեն վտանգվել նրանց անմիջական հարեւանությամբ կատարված հողային աշխատանքների հետեւանքով:
Վերոգրյալի հիման վրա Ձեզ ենք դիմում հանցագործության մասին հաղորդմամբ` խնդրելով քրեական գործ հարուցել վերը նշված ապօրինությունների փաստերի առնչությամբ»:




























