Եթե Երեւանի քաղաքապետերանը չկարողանա երեւանցու մեջ արթնացնել սեփականատիրոջ զգացումը, որ սա իր քաղաքն է եւ քաղաքում ինչ-որ կատարվում է` առնչվում է իր հետ, քաղաքապետարանի աշխատանքը պակաս արդյունավետ կլինի: Այսօր` մայիսի 17-ին նման տեսակետ է հայտնել քաղաքապետ Կարեն Կարապետյանը` երիտասարդական ՀԿ-ների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս համատեքստում քաղաքապետը ներկայացրել է այսօր ընդունած «Երեւանում մաքրության պահպանմանն ուղղված միջոցառումներին ուսանողների մասնակցության մասին» որոշումը, համաձայն որի ուսանողներին լիազորվում է Երեւանում չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի վերաբերյալ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին կամ Երեւանի քաղաքապետարան ներկայացնել տեղեկատվություն, արձանագրություն եւ ապացույցներ գրավոր կամ կապի միջոցներով:

«Առավել ակտիվ ուսանողները կխրախուսվեն»,- նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետաանը ծրագրում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն ու Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքը երիտասարդական կենտրոններ դարձնել: